Համայնքի մասին

Բնակչություն` 1992

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 78 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Գորիս քաղաքից՝ 13 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1580 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Խնձորեսկ։

Խնձորեսկ գտնվում է Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց աջ, խոր ձորի զառիթափի լանջերին և սարահարթի վրա։ Նոր խնձորեսկը կառուցվել է 1950-ական թվականներին։ Հին Խնձորեսկը եղել է Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղը, 19-րդ դարի վերջին նրա բնակչության թիվը մոտ 4200 էր, իսկ 20-րդ դարի սկզբներին՝ 8300 (շուրջ 1800 տնտեսություն՝ բազմամարդ ընտանիքներով)։ 1913թ. ուներ 27 խանուրթ, 3 ներկատուն, կաշվեգործական արհեստանոցներ, 7 դպրոց։
Խնձորեսկը, ըստ ավանդության, կառուցված լինելով խոր ձորերի մեջ, նախապես անվանվել է Խոր ձոր կամ Խորձորեսկ, որը հետագա ձևափոխությամբ դարձել է Խնձորեսկ։
Խնձորեսկը նշանավոր է իր պատմական անցյալով։ Այս գյուղն ակտիվ մասնակցություն է ունեցել Դավիթ Բեկի ազատագրական շարժմանը, իսկ նրա բերդը 1728-30թթ. եղել է Մխիթար Սպարապետի զորակայանը։ 1735թ. այստեղ է եղել Աբրահամ Կրետացի կաթողիկոսը և իր «Պատմության» մեջ նկարագրել է գյուղը։
1919թ. ապրիլին՝ առաջինը Գորիսի շրջանում, ստեղծվել է կոմունիստական կազմակերպություն։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են 1250 խնձորեսկցիներ, որոնցից 480 զոհվել են։ Գյուղը տվել է մեկ գեներալ (Սերգեյ Կարապետյան), 8 գնդապետ, 80 սպա, 200-ից ավելի շքանշանակիր զորականներ, որոնց թվում է նաև ԽՍՀՄ հերոս Գուրգեն Արզումանյանը։
Խնձորեսկը հռչակված է նաև գիտության, գրականության և արվեստի իր նշանավոր մարդկանցով։
Այստեղ են ծնվել գուսան Թառ-Սյունին՝ Ներսես Սազանդարյանը, ԽՍՀՄ Ժող. արտիստ Տաթևիկ Սազանդարյանը, արձակագիրներ՝ Գարեգին Սևունցը, Սուրեն Այվազյանը, կոմպոզիտորներ՝ Արամ Սաթունցը, Աշոտ Սաթյանը, Լենինյան մրցանակի դափնեկիր Հ.Սարկիսովը, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Վահան Ղազարյանը, փիլ. գիտությունների դոկտոր Աշոտ Թելունցը, գրականագետ Բենիկ Յուզբաշյանը, գերմանագետ Յաշա Մարտիրոսյանը, ԽՍՀՄ պետական կուսակցական գործիչ Մուկուչ Արզանյանը, բժշկ. գիտությունների դոկտորներ Աշոտ Գյուլխասյանը, Կառլեն և Վարդան Ակունցները, պատմ. գիտ. դոկտորներ Աբել Սիմոնյանը, Շահեն Օհանջանյանը, իրավաբանական գիտ. դոկտոր Արմենակ Դանիյելյանը և այլն։
Խնձորեսկը նշանավոր է նաև իր պատմամշակութային հուշարձաններով։ Նշանավոր են Խնձորեսկի բերդը, սբ Թադևոս, սբ Հռիփսիմե և ժայռափոր եկեղեցիները, «Անապատ» դպրոց-եկեղեցին, որը եղել է գրչության կենտրոն։ Այստեղ է գտնվում Մխիթար Սպարապետի գերեզմանը։ Պահպանվել են նաև երկու միջնադարյան (17-րդ դար) աղբյուր-հուշարձաններ։ Խնձորեսկի տարածքում են գտնվում Չահլուկ, Զրնգանաձոր, Սրանոցի ձոր, Կուրաթի ձոր, «Ծմակ ձոր» կոչվող գյուղատեղիները։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 516 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 3970 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 3880գլուխ,
- խոզեր` 519գլուխ,
- մեղվաընտանիքներ` 320:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 960 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 6991 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 6223 հա, որից`
- վարելահող` 1584 հա, խոտհարք` 273 հա, արոտ` 2906 հա, այլ հողատեսք` 1461 հա
- բնակավայրերի հողեր` 203 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 12 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 13 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 59 հա,
- հատուկ նշանակության հողեր` 2 հա,
- անտառային հողեր` 474 հա, որից անտառածածկ` 387 հա
- ջրային հողեր` 6 հա

աղբյուը` syunik.gov.am

Комментариев нет:

Отправить комментарий